Երեկ խորհրդարանը արտահերթ նիստով նորից իրար «գլխի» էր հավաքվել, որպեսզի մի շարք նախագծեր մինչև արձակուրդը քննարկի ու դակի: Առաջնայինը, բնականաբար, Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծն էր, որի համար հերթագրվել էին խորհրդարանական գրեթե բոլոր ընդդիմադիրները:
Պատգամավորների տարբեր երանգներով հարցերը, ի վերջո, գալիս հանգում էին 16 մլն դոլարի փնտրտուքին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը չի պատրաստվում այդքան գումար սեփական միջոցներից հատկացնել, իսկ դոնորների «ոտքն» էլ չեն ընկնի: Այսինքն, կտա՞ն ֆինանսներ, շատ լավ, չեն տա, մեր մեխանիզմները լիարժեք բավարար են արդար ընտրությունների անցկացման համար: Մինչդեռ ընդդիմադիրները այս հարցում խիստ թերահավատ են:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դժգոհեց, որ կառավարությունը շահագրգիռ չէ դոնորներ ներգրավելու և ֆինանսներ գտնելու հարցում: Կառավարության անդամն ընդդիմացավ. «Կառավարությունը ձեզնից ոչ պակաս դիմել է դոնորների: Երբ դուք մեզ առաջարկում եք տարօրինակ և այլ ուղղություններ՝ գումարներ ձեռք բերելու համար, մենք դա չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև մեզ հարգող պետություն ենք»:
Ալեքսանդր Արզումանյանն էլ խոսեց ԸՕ-ի աբսուրդային տրամաբանության մասին. «Դոնորներով պայմանավորված օրենք ընդունելու պրակտիկա չկա: Սա աբսուրդ է: Արժանապատվության խնդիր է, որ ԱԺ-ն քվեարկի` 16 մլն եվրոյի հետ կապելով ողջ գործընթացը»: Ըստ պատգամավորի, կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով պետք է նախատեսի այդ գումարը:
Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց. «Կառավարությունը նպատակահարմար չի համարում այդ ծախսը կարճ ժամանակի համար անելը»: Ալեքսանդր Արզումանյանն էլ առաջարկ ուներ. «Ձեր կառավարության կեսը բիզնեսմեն է: ՈՒրիշ բաներում, անձնական բիզնեսի ոլորտում շատ լավ աշխատում եք, հիմա էլ մեքենաներ եք վաճառում: Էս էլ որպես բիզնես առաջարկ որ նայեք՝ 200 կայանը գնեք, հետո վաճառեք»: Իշխանության ներկայացուցիչն էլ նետեց. «Բիզնեսի ոլորտում, ձեր գիտելիքները իմ գիտելիքներից շատ չեն տարբերվում, այսինքն՝ զրոյական են»:
Նիկոլ Փաշինյանն ավելի սրեց իրավիճակը` սարկազմի երանգներ հաղորդելով: «Հիմա մի նախագիծ եք բերել ու ասում եք՝ հանրության վստահությունը կբարձրացնենք, վերջում էլ ասում եք, եթե դոնոր կազմակերպությունները փողը տան: Եթե դոնոր կազմակերպությունները փողը չտան, չենք բարձրացնի հանրության վստահությունը, ժողովրդավար ընտրություններն էդքան էլ կարևոր չեն: Ձեր մտքերի ընթացքին հետևելով՝ ինձ մոտ ծագում է շատ պրոզաիկ մի հարց: Էս օրենքի նախագիծը, եթե փողը տալիս են՝ ըլնում ա, չեն տալիս, չի ըլնում, հարցը հետևյալն է՝ իսկ եթե Եվրամիությունը մի երկու միլիոն ավելի տա, կարա՞նք էս օրենքի ամենավերջում գրենք՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- հեգնեց Փաշինյանը:
«Վերջին մասը ձեր անձնական օրինակի վրա կավելացնեք, երբ ստանաք նոր Ընտրական օրենսգիրքը»,- հակադարձեց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ այս հարցերում գործում է դասական Պարետոյի կանոնը: Այսինքն` 90 տոկոս արդյունքը կարելի է ստանալ 10 տոկոս ներդրումներով, իսկ մնացած 10 տոկոս արդյունքը ստանալու համար անհրաժեշտ է 9 անգամ ավելի ներդրում՝ 90 տոկոս ներդրում: «Հայաստանի կառավարությունն ընտրել էր առավել էժան տարբերակը, որը թույլ էր տալիս ունենալ բավական բարձր որակի տոկոս», -նշեց կառավարության անդամը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մի «ձեռքով» անդրադարձավ ընդդիմադիր որոշ գործիչների, մյուսով էլ կառավարության «տրտունջներին»: «Խոսքը աստղաբաշխական և անիրականանալի մեծ գումարի մասին չէ, այն, ինչ պակասում է՝ 4,5 մլն եվրո է: Ի տարբերություն մեր որոշ գործընկերների, որոնք մեր համաձայնությունը համարում են տեխնիկա-բանվորա-գյուղացիա-ինժեներական, մենք սա համարում ենք քաղաքական համաձայնություն և տեր ենք մեր ստորագրությանը»: Դավիթ Հարությունյանը վերստին շեշտեց, որ պատրաստ չէ 4,5 մլն եվրոյի հարցը լուծել և դժգոհեց, թե ինչու քաղաքական համաձայնության փաստաթուղթը ստորագրելիս այս հարցին ոչ մեկը չանդրադարձավ: «Հիմա ճիշտ չէ, որ ստորագրելուց հետո փորձում են քննադատել, թե այդ գումարն ինչո՞ւ կառավարությունը չի տրամադրում: Այսպես թե այնպես, այս ընտրությունները պետության վրա նստելու են մի քանի անգամ ավելի թանկ, քան բոլոր նախկին ընտրությունները ու անգամ եթե լրացուցիչ 4 մլն-ի բեռ է, դա դնել նորից կառավարության ուսերին, չեմ կարծում, որ ճիշտ է», - հավելեց նախագիծը զեկուցողը:
Իսկ Էլինար Վարդանյանի հարցը Դավիթ Հարությունյանին հիմք տվեց հիշելու ԲՀԿ-ի «պատմությունը»: Պատգամավորը հետաքրքրվեց ռեյտինգային ցուցակների մասին, նշելով. «Իրականում ռեյտինգայինը շատ չի տարբերվում մեծամասնական համակարգից, էլի մասնակցելու են թաղային հեղինակությունները, էլի օգտագործվելու է փողը, էլի օգտագործվելու են տարբեր բիզնեսմենների հնարավորությունները»:
Դավիթ Հարությունյանը չդիմացավ. «Երբ դուք խոսում եք թաղային հեղինակությունների մասին, գիտեք, էական չէ, թե մարդուն ինչպես կանվանեն՝ մեկին ասում են օլիգարխ, մեկին՝ թաղային հեղինակություն, մյուսին՝ ռեկտոր: Տպավորություն է, որ այս ամբողջը հայ հանրության բացասական դասն է, բայց այդպես չէ: Իսկ ինչո՞ւ չեք ասում քաղաքական ակտիվ գործիչ կամ ժուռնալիստ: Վստահեցնում եմ ձեզ, որ և՛ ձեր կուսակցությունը, երբ դուք էիք ընտրվում, և՛ ցանկացած այլ կուսակցություն օգտագործել է բոլոր հնարավոր եղանակները՝ ընտրությունների ժամանակ ձայն շահելու: Եթե ես սխալ եմ ասում, կներեք, ձեզ եմ վերադարձնում ձեր կոչը՝ դուրս եկեք փողոց և հարցրեք 10 պատահական անցորդների, և ձեզ կպատմեն ձեր կուսակցության ընտրության պատմությունը, որը որևէ բանով չի տարբերվի մեկ այլ կուսակցության կիրառած ընտրական պատմությունից: Էնպես որ, գիտեք ինչ, բոլորս բավականին հասուն մարդիկ ենք, որպեսզի էստեղ պարզ չխոսենք: Եկեք պարզ խոսենք»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ